Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Չարենցավան համայնքում ներկա է գտնվել քաղաքային պոլիկլինիկայի նոր մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը: Չարենցավանում էին նաև ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարության ներկայացուցիչներ, Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը, մարզի բուժ.կենտրոնների ղեկավարներ, Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, վարչական ղեկավարներ, հյուրեր:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջել են բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել, կատարված աշխատանքների ծավալներին, բժշկական կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կենտրոնի աշխատակիցների հետ, քննարկել առկա խնդիրները: Հիշեցնենք, որ Չարենցավանի բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ լքված մասնաշենքը կապիտալ հիմնանորոգվել է (հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին տարեսկզբին)։
Եռահարկ մասնաշենքի հիմնանորոգումը, ամբողջական կահավորումը, ջեռուցումը, ներքին հարդարման աշխատանքները՝ շերտավարագույրներից մինչև սանհանգույցներ, իրականացվել են բացառապես մարզային ենթակայության այս բուժ.կենտրոնի 2018-2019 թթ. բյուջեի խնայողությունների հաշվին:
Մասնաշենքի հիմնանորոգված հարկաբաժնի առանձին հատվածում տեղակայված է լինելու մանկական պոլիկլինիկ բաժանմունքը, ընտանեկան բժիշկները, որոնց թվում թերապևտներ և ամբուլատոր հատվածի նեղ մասնագիտական կաբինետները։
Պոլիկլինիկայի բացումով Չարենցավանի ԲԿ-ն արդեն մեկ կենտրոնացված վայրում ավելի արդյունավետ կիրականացնի քաղաքացիների ընդունելությունն ու բուժսպասարկումը: |