Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
29/11/2016
Թալիշցիները վերադառնում են տուն

Գյուղը բուժում է վերքերը, վերակենդանանում

 

Ապրիլյան պատերազմը մարդկային կորուստների հետ մեկտեղ մեծ վնասներ հասցրեց սահմանամերձ բնակավայրերին՝ պատճառելով նոր ավերածություններ ու զրկանքներ։ Առանձնապես շատ տուժեց Թալիշ գյուղը։ Հայտնվելով թշնամու հրետակոծության թիրախում՝ բնակիչները ստիպված էին երկրորդ անգամ տեղահանվել ու լքել իրենց օջախները։
Շուրջ 8 ամիս է, ինչ ողբերգական հայտնի դեպքերից հետո մարդիկ ժամանակավորապես ապրում են հարեւան գյուղերում, Ստեփանակերտում եւ ՀՀ մի շարք քաղաքներում։ Բնակչության մի զգալի մասը իշխանությունների աջակցությամբ տեղավորվել են «Ալիշան» տեղամասում, ուր ընտանիքներն ապահովված են առանձնատներով, ու մշտապես հոգ է տարվում նրանց սոցիալ—կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։ Պարապմունքներից չեն կտրվել երեխաները, ովքեր ամեն օր դպրոց են հաճախում։
Սակայն որքան էլ որ «գրավիչ» լինեն պայմանները, տունուտեղ թողած թալիշցիները վայրկյան անգամ չեն կորցրել ծննդավայր վերադառնալու հույսը, կարոտով միշտ սպասել են, որ բաղձալի լուր կստանան ու վերստին կբռնեն գյուղ տանող ճամփան։ Եվ ահա վերջապես եկել է այդ պահը՝ մարդիկ տուն են դառնում, նորոգում, կարգի բերում այն, վառարաններ վառում ու տաքացնում։ Օջախների ծուխը, ինչպես ասում են, վերստին վեր է ելնում, ու տան անդամներն իրենց կարոտն են առնում, ուրախ են, որ նորից միասին են, եւ իրենց գյուղը վերականգնվում, վերակենդանանում է, շունչ առնում։
Թե առաջնահերթ ինչ խնդիրներ եւ հոգսեր ունեն թալիշցիները, եւ ինչ է անհրաժեշտ դժվարությունները հաղթահարելու, գյուղի վերքերը բուժելու, մարդկանց սատար կանգնելու համար, նախագահ Բակո Սահակյանը՝ մի շարք գերատեսչությունների ղեկավարների ու պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ անձամբ է Թալիշ ներկայացել՝ բնակչության հետ հանդիպելու, նրանց ունկնդրելու համար։ Հենց տեղում էլ ոլորտների պատասխանատուներին երկրի ղեկավարը հանձնարարություններ է տվել, խոստացել կարճ ժամանակահատվածում ընթացք տալ բարձրացված հարցերին։
«Արդեն մի քանի օր է, ինչ մարդիկ իրենց օջախներն են վերադառնում եւ փորձում հարմարվել, միմյանց օգնում են, լավատեսություն ներշնչում՝ հավատացած լինելով, որ այլեւս բռնություններ չեն լինի, եւ առաջվա պես կշարունակեն ապրել իրենց առօրյա հոգսերով, կբուժեն վերքերը ու նորից կշենացնեն գյուղը,– ասում է համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը։–Այս պահին էլ ընդունում ենք վերադարձողներին։ Քիչ առաջ 7 ընտանիքներ են եկել Չարենցավանից, ուր ապրիլյան դեպքերից հետո ժամանակավորապես տեղավորվել էին կացարաններում, հարազատների տներում։ Նրանց շատ է ոգեւորել երկրի նախագահի այցը։ Իշխանությունները միշտ էլ մեր կողքին են եղել ու այսօր էլ շարունակում են բարոյական եւ նյութական աջակցություն ցուցաբերել, ինչը նույնպես գոտեպնդում է թալիշցիներիս»։
Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը նախագահ Բ. Սահակյանին զեկուցում է, որ գյուղում լիովին լուծված է էլեկտրամատակարարման խնդիրը, տներն ու թաղամասերը լուսավորված են, եւ շուտով խմելու ջուր կստանան բոլոր ընտանիքները։ Շինարարական աշխատանքները համայնքում եւս լայն թափ են ստանում։ Առաջնահերթ հիմնանորոգվում է գյուղ տանող ճանապարհը։ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հավաստմամբ, հաշվի առնելով բնակչության եւ մասնագետների առաջարկությունները, առավել արդյունավետ է կիսավեր տները վերանորոգելու փոխարեն նոր առանձնատներ կառուցել՝ կենցաղային բոլոր պայմաններով։ «Գյուղի այդ տարածքը կվերածվի խոշոր շինհրապարակի։ Ծրագրված է Թալիշի համար նոր հատակագիծ կազմել, ինչն ընթացքի մեջ է,– ասում է նախարարը։–Կհիմնանորոգվեն հանդիսությունների տունն ու դպրոցը, կկառուցվի նոր մանկապարտեզ։ Ընդհանրապես ինչ էլ որ այստեղ կառուցելու լինենք, որոշել ենք անպայմանորեն հաշվի առնել բնակչության կարծիքը։ Թալիշցին պիտի ապրի արժանապատիվ, լիարժեք կյանքով, եւ պետությունը բոլոր ջանքերը կգործադրի նրանց անվտանգության ու նորմալ կեցության ապահովման համար»։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

29-11-2016

hhpress.am

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner