Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
16/08/2016
Չարենցավանը հյուրընկալեց փորձագետներին

Օգոստոսի 16-ին «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի շրջանակներում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցների եւ փորձագետների խումբն ուղեւորվեց ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք:

Նրանք այնտեղ առաջինը ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետեւ ուղեւորվեցին դեպի Գանգրահեր տղայի հուշարձան, որտեղ էլ չարենցավանցիները հակիրճ ներկայացրին քաղաքի ու հուշարձանի պատմությունը: Միմյանց հետ ծանոթանալուց ու խմբակային լուսանկարվելուց հետո խումբը հյուրընկալվեց քաղաքի մարզադպրոցում: Այնտեղ տեղի են ունենում նորոգման աշխատանքներ: Թեեւ խմբակները գործում են, այնուամենայնիվ տնօրենը, մարզիչներն ու աշակերտները անհամբերությամբ են սպասում վերանորոգված դպրոցի բացմանը:

Մարզադպրոց այցելելուց հետո փորձագետների խումբը եղավ քաղաքապետարանում: Ակտիվ հարց ու պատասխան, քննարկում քաղաքապետի ու հյուրերի միջեւ. երիտասարդները փորձեցին լավագույնս ներկայացնել իրենց քաղաքը: Քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը կարեւորում է երիտասարդների ներգրավվածությունը տարբեր կառույցների աշխատանքներում: Պատահական չէ, որ քաղաքապետարանում աշխատում են մեծ թվով երիտասարդներ: Նա ողջունեց նմանատիպ ծրագրի անցկացումը: Բնականաբար, ցանկությունը մեծ է, որ տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակվի Չարենցավանը,  այնուամենայնիվ նա նշեց. «Վերջիվերջո, սա Հայաստանն է, ու որեւէ այլ երկրի հետ չենք մրցում. կլինի Ծաղկաձորը,  Ջերմուկը, թե Չարենցավանը՝  ես ուրախ կլինեմ նրանց համար»: 

Քաղաքապետը տրամադրեց նաեւ վիճակագրական տվյալներ երիտասարդների, մասնավորապես՝ ուսանողների մասին: Նրա խոսքով՝ Չարենցավանում կա 700-ից ավելի ուսանող, որից 40-ը ստանում է գերազանցության 15000 դրամ կրթաթոշակ: Հավելենք, որ քաղաքի դպրոցներում ու մանկապարտեզներում կան նաեւ ներառական խմբեր: 

Փորձագետների հաջորդ կանգառը քաղաքի արվեստի դպրոցն էր: Հյուրերը շրջեցին դասասենյակներով, ծանոթացան սաների աշխատանքներին, խմբակների գործունեությանը: Տնօրենը պատմեց վերջերս կազմակերպված միջոցառումների մասին: Ղեկավարի խոսքով՝  դրանք հիմնականում թեմատիկ ուղղվածություն են ունենում: Հանդիպումն ավարտվեց դպրոցի սանի երաժշտական կատարմամբ:

Ոչ պակաս ոգեւորությամբ դիմավորեցին նաեւ Ա. Խաչատուրյանի անվան երաժշտական դպրոցի աշխատակազմն ու աշակերտները: Սաների գեղեցիկ ելույթներից հետո տնօրենը հպարտությամբ նշեց, որ սովորեցնում են նվագել նաեւ ոչ այնքան տարածված երաժշտական գործիքներ: 

Փորձագետներն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները եղան նաեւ քաղաքի գրադարանում: Գրադարանավարները ներկայացրին իրենց նվաճումները. վերջերս ձեռք են բերել տիկնիկներ եւ կարող են ներկայացումներ բեմադրել: Հայաստանի 5 ամերիկյան անկյուններից մեկը եւս գտնվում է Չարենցավանի գրադարանում:

Քաղաքում այցելությունների շրջանակներում փորձագետները հյուրընկալվեցին նաեւ տեղի հասարակական կազմակերպությունների գրասենյակներում: «Երիտասարդական  ուսանողական հասարակական կազմակերպության» նախագահ Գառնիկ Բեգլարյանն ու հանձնաժողովների նախագահները ներկայացրին կառույցը, միջոցառումները, գործունեության 10 տարիներին նվաճած  բարձունքներն ու իրականացրած ծրագրերը: Հատկապես մեծ աշխատանք են տարել քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ամենամեծ թվով թալիշեցիները հաստատվել են Չարենցավան քաղաքում՝ ավելի քան 130 հոգի: Նրանք ապահովվել են սննդով, հագուստով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով:

«Ռեսուրս կենտրոն բարեգործական ՀԿ»-ն համագործակցում է տեղական ու միջազգային բազմաթիվ կառույցների հետ, օգնում սահմանափակ կարողություններով եւ կարիքի մեջ գտնվող մարդկանց: 

Հետաքրքիր շրջայցից հետո երիտասարդ փորձագետներին սպասում էր Ծաղկաձոր քաղաքը: Հիշեցնենք, որ 2013 թ-ից մեկնարկած «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր ու Չարենցավան եւ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքները:

erit.am
http://www.erit.am/news/hy/72042

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner