Մշակութային հիմնական իրադարձությունները մեզանում տեղի են ունենում մայրաքաղաքում, ուստի ողջունելի է մարզերում նման միջոցառումներ անցկացնելը։ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում բացօթյա ցուցադրություն էր կազմակերպել «Արթ կրիտիկս» մշակութային ՀԿ–ն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ իրականացվող «Չարենցավանի երանգները» խորագիրը կրող մշակութային ծրագիրն իր ավարտին նախաձեռնել էր եզրափակիչ ցուցահանդես՝ տեղի արվեստաբանների եւ արվեստագետների մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ Չարենցավանը հռչակվել է ՀՀ 2017թ. երիտասարդական մայրաքաղաք։ Հրապարակի կենտրոնում գտնվող շատրվանի շուրջ, փայտե մոլբերտների վրա երիտասարդ արվեստագետները կազմակերպել էին իրենց ցուցադրությունը։ Մասնակիցների համար սա հիանալի առիթ էր ներկայանալու համաքաղաքացիների եւ հյուրերի դատին։ Նման միջոցառումները փորձ են աշխուժացնելու եւ իմաստավորելու փոքր քաղաքների առօրյան, շփվելու առիթ երիտասարդների եւ արվեստի հետ մերձենալու հնարավորություն՝ հասարակության համար։ Բացօթյա ձեւաչափը անակնկալ, բայց եւ գովելի տարբերակ էր, քանի որ ցուցանմուշները դիտել կարողացան նաեւ պատահական անցորդները, որոնք հետաքրքրությամբ ոչ միայն դիտում էին նկարներն, այլեւ կարդում դրանց մոտ կախված վերլուծական հոդվածները. տեքստեր, որ գրել էին մասնակից արվեստաբանները։ Ներկաները խոստովանում էին, որ երեւույթն անակնկալ էր ու հետաքրքիր, ուրախ էին նաեւ երիտասարդ արվեստագետները, չէ՞ որ այսուհետեւ հարազատ քաղաքում արդեն գիտեն, թե որ նկարի հեղինակն են իրենք։ Ցուցադրված աշխատանքներն ու վերլուծական տեքստերը մոտ ապագայում զետեղվելու են ծալաթերթում։
Ալվինա ՍԱՐԳՍՅԱՆ
21-09-2017 |