Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
10/05/2017
Նոր բարեփոխումներ, նոր ռազմավարություն

Խոշորացված համայնքները կառավարման արդյունավետ տարբերակ կլինեն
Մարզերի համայնքային տնտեսական զարգացման, համայնքային բյուջեների եկամուտների ավելացման, առողջապահական եւ կրթական հաստատությունների օպտիմալացման, աղբահանության կառավարման, համայնքներում համախառն ներքին արդյունքի ավելացման եւ ներդրումների խթանմանն ուղղված միջոցառումներն ընդգրկվել են ՀՀ կառավարության այս տարվա գերակա խնդիրների ցանկում։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ռազմավարությունն ուղղված է լինելու մասնավորապես համայնքների խոշորացման ծրագրերին, որոնք ենթադրում են թե՛ օրենսդրական բարեփոխումներ, թե՛ ներդրումային ծրագրեր, թե՛ տարածքների օպտիմալ օգտագործում։
Նախարար Դավիթ Լոքյանն ամփոփելով վերջին վեց ամսվա գործունեության արդյունքները՝ անդրադարձավ կատարված աշխատանքներին ու այն գործընթացներին, որոնք այս տարի գերակա ուղղություններ են դիտարկվել։
Կարեւոր նախագիծը, որը դրվել է շրջանառության մեջ, «Վարչատարածքային բարեփոխումների մասին» օրենքն է, որի արդյունքում ակնկալվում է ձեւավորել 32 խոշորացված համայնք շուրջ 384 համայնքների միացման արդյունքում։ Ըստ նախարարի, խոշորացված համայնքները կառավարման արդյունավետ տարբերակ են եւ ենթադրում են մի շարք բարեփոխումներ։
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Սարապատ համայնքի խոշորացման գործունեության արդյունքում ֆինանսական տնտեսման շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա, վառելանյութ, իսկ միջհամայնքային ճանապարհները վերանորոգման փուլում են, ընթանում է նաեւ փողոցների լուսավորման գործընթաց, ինչը նախկինում անհասանելի էր։ «Մեր երկիրն ընթանում է այս բարեփոխման ճանապարհով. իրականացվելու է եւս 480 համայնքների միացում, իսկ հաջորդ տարի այս գործընթացն ավարտվելու է», — նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը։

Համայնքների եկամուտները կաճեն

15—20 տոկոսով ավելացել են համայնքային բյուջեների սեփական եկամուտները նախորդ տարվա համեմատ։ Մայիս ամսվա դրությամբ ՀՀ համայնքների կողմից արդեն իսկ 1.7 մլրդ դրամ ավելի է պլանավորվել անցած տարվա նույն ժամանակահատվածի տարեկան ցուցանիշների նկատմամբ։ «Համայնքը չպետք է գոյատեւի միայն պետությունից ստացված լրավճարով, համայնքապետը եւ համայնքի բնակիչները պետք է ընդլայնեն համայնքի սեփական եկամուտները եւ նպատակաուղղեն ծառայությունների իրականացմանը։ Կարծում եմ՝ Երեւանում մեծ կլինի բյուջետային տարբերությունը, եւ տարեվերջին կունենանք համայնքային բյուջեների նվազագույնը՝ 10 տոկոս աճ, որը կկազմի 3, 5 մլրդ դրամ»,–ասաց նախարարը։
Պատրաստվել է 8 մեթոդական ձեռնարկ եւ փոխանցվել է համայնքապետերին։ Դրանք կնպաստեն համայնքի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացմանը, ֆինանսական ռեսուրսների ճիշտ եւ արդյունավետ կառավարմանը։ Ուղեցույցը ներառում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման եւ կառավարման մեթոդական ցուցումներ։
Տարածքների համաչափ զարգացումը, ՀՆԱ—ի աճը եւ աշխատատեղերի ստեղծումը նախարարության գերակայություններն են։ Արդեն կառավարության ուշադրությանն է ներկայացվել ՀՀ մարզերի զարգացմանն ուղղված 10 ռազմավարություն. «Բոլոր գերատեսչությունների համատեղ ջանքերով իրականացվելու են առաջին գործառնական ծրագրերը։ Ի՞նչ են դրանք ենթադրում։ Այլեւս պատահական լուծումներ չեն տրվելու այս կամ այն տարածքում ջրագիծ, ճանապարհ կամ արտադրական ձեռնարկություն կառուցելու խնդիրներին, այլ համապարփակ, կառավարության հետ համատեղ քննարկվելու է, թե որ համայնքներն ունեն տնտեսական զարգացման հեռանկար»։

Ֆինանսավորվել է 16 ներդրումային ծրագիր

Գերատեսչությունը կարեւորում է նաեւ ներդրումային ծրագրերը։ Վերջին ամիսների ընթացքում նախարարություն է ներկայացվել ավելի քան 200 ծրագիր, որոնցից 157—ը քննարկման փուլում են։ Հստակեցվել, անձնագրավորվել է 107 ծրագիր, որոնցից 81—ը քննարկվել է ՀՀ վարչապետի մոտ, իսկ 51—ը՝ հավանության արժանացել։
Ծրագրերից 16—ը ֆինանսավորման փուլում են, որոնք ներառում են ինչպես համայնքներից ներկայացված, այնպես էլ մասնավոր բիզնես հատվածի ծրագրերը։ 8 ծրագիր արդեն ստանալու են պետության օժանդակությունը նաեւ վարկավորման տեսքով։ Կֆինանսավորվեն Ապագա գյուղում գյուղտեխնիկայի պարկ ստեղծելու, Ենոքավանում խոշոր տուրիստական կլաստերի հզորացման, մաստեր պլանի ստեղծման ծրագրերը, Վայոց ձորի Գետափ գյուղում տուրիստական կենտրոնի եւ հյուրանոցային համալիրի օժանդակության, Արտենի համայնքում չրերի արտադրության ծրագիրը եւ այլն։ Ներդրողներին կհատկացվեն ցածր տոկոսադրույքով վարկեր, դրամաշնորհներ եւ այլն։ Ծրագրերը կլինեն շարունակական, եւ նախարար Դավիթ Լոքյանի վստահեցմամբ՝ ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ կֆինանսավորվեն ավելի քան 50 ծրագրեր, որոնք կապահովեն աշխատատեղեր, համախառն արդյունք, ավելացված արժեք՝ համայնքներն ապահովելով համապատասխան ֆինանսական մուտքերով։

Շրջակա միջավայրի պահպանությունը՝ գերխնդիր

Կարեւորելով ընդհանուր միջավայրի պահպանությունը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը մատնանշեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը եւ միջոցառումների ժամանակացույցը։ «Այս ծրագրի իրականացման արդյունքում պետք է կառավարվեն բոլոր աղբավայրերը։ Ցավալի է, որ «Google Earth» կայքի հենքի վրա աշխատակիցները անձնագրավորել են մարզերում առկա ավելի քան 2 հազար աղբանոց՝ մոտ 500 հա ընդհանուր տարածքով։ Դրանք բացարձակ չեն կառավարվում, եւ մեր խնդիրն է՝ գտնել օպտիմալ սխեմաներ, որոնք մի քանի համայնքներում կապահովեն մեկ աղբավայր, կունենան ցանկապատ եւ պարտադիր կծածկվեն հողով։ Մեր բնակիչները դեռեւս սովոր չեն աղբի կառավարման դիմաց ֆինանսական միջոցներ տրամադրելուն։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը դառնա կառավարելի, եւ քաղաքացին հասկանա, որ կարեւոր է միջավայրի մաքուր պահպանությունը, ինչը նաեւ տուրիստական հոսքերի տեսանկյունից չափազանց կարեւոր գործոն է։ Հանրապետության տարածքում աղբահանության ողջ գործընթացը կազմակերպելու համար ծախսվում է 9—10 մլրդ դրամ, որից 60 տոկոսն ուղղվում է պետբյուջեից՝ դոտացիաների տեսքով»,–նշեց Դավիթ Լոքյանը։

Կապահովվի որակյալ կրթություն

ՀՀ մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրը նույնպես ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017թ. գերակա խնդիրների ցանկում։ ՀՀ Կոտայքի մարզի հիմնական ու միջնակարգ որոշ դպրոցներ կմիավորվեն, ինչը, նախարարի դիտարկմամբ, կմեծացնի մարզային ենթակայության տակ գտնվող հանրային դպրոցների բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը։
Բացի այդ, կբարելավվի ե՛ւ կրթության որակը, ե՛ւ ուսումնական խմբերի միջին խտությունը, ե՛ւ մանկավարժների միջին ծանրաբեռնվածությունը։ Այս օպտիմալացման արդյունքում կտնտեսվի շուրջ 57 մլն դրամ։ Լրագրողների այն հարցին, թե երեխաներն ինչպես են մի գյուղից մյուս գյուղի դպրոցը տեղափոխվելու, նախարարն պատասխանեց. «Բազմաթիվ քննարկումներ են ծավալվել այն ուղղությամբ, որ անիմաստ է միմյանցից 2,5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղական դպրոցները պահպանելը, այն պարագայում, երբ աշակերտների թիվը անհավասարաչափ է, իսկ ուսուցիչների անհամապատասխան կազմը հանգեցնում է ոչ որակյալ կրթության։ Համայնքը եւ դպրոցը ձեռք են բերելու ամենալավագույն փոխադրամիջոցը հարեւան համայնքի երեխաներին դպրոց փոխադրելու համար»։
Նախարարության կողմից մշակվել եւ քննարկման փուլում է նաեւ առողջության առաջնային պահպանման կենտրոնների օպտիմալացման գործընթացը։ Մասնավորապես, մշակվում է Կոտայքի մարզի, Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի, Նաիրի ԲԿ—ները եւ Նոր Հաճընի պոլիկլինիկան միացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչի արդյունքում կտնտեսվի մոտ 39, 6 մլն դրամ։

Ներդրվել է էլեկտրոնային կառավարման համակարգ

Համայնքներում կարեւորվում է նաեւ էլկետրոնային կառավարման համակարգի ներդրումը։ Գյուղաբնակներն այլեւս ստիպված չեն լինի իրենց համայնքից այլ վայր տեղափոխվել մուծումներ կատարելու կամ համապատասխան տեղեկանք ստանալու նպատակով։ 21 համայնքում բացվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ, «Մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն՝ քաղաքացիներն այսուհետ կստանան որակյալ հանրային ծառայություններ։ Շուրջ 150 համայնքապետարանում գործարկվել են համայնքային համացանցային կայքեր, որոնց թիվն ընդհանուր առմամբ 240 է։ Առնվազն 300 համայնքում փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է էլեկտրոնային եղանակով։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

 

10-05-2017

hhpress.am

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner