Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
13/12/2018
Հոգեւոր կապ ստեղծելով

Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

 

Այն այցելուները, որոնք տարվա ընթացքում իրենց աջակցությունն էին բերել Ալեքսանդր Սպենդիարյանի տուն—թանգարանի գործունեության հանրահռչակմանը՝ երեկ հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում՝ արժանանալով թանգարանի կողմից տրվող «Տարվա լավագույնները» մրցանակին։
Մրցանակաբաշխությունը, որն արդեն երրորդ տարին է՝ իրականացվում է տուն—թանգարանի հանրահռչակման բաժնի նախաձեռնությամբ, ըստ թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի, իրենց միջոցառումների շարքում հաջողվածներից է։ «Այսօրվա միջոցառումը մեր շնորհակալությունն է այն մարդկանց, որոնք տարվա ընթացքում մեզ հետ համագործակցել են, եւ իրենց գործունեությամբ նպաստել տուն—թանգարանի զարգացմանը։ Աշխարհում մարդկությունը ուշադրության պակաս ունի, մենք փորձում ենք տալ այդ ուշադրությունը՝ հոգեւոր կապ ստեղծելով թանգարանի եւ այցելուի միջեւ՝ դրանով իսկ ավելացնելով մեր բարեկամների թիվը։ Մեր այցելուներն ու գործընկերներն օգնում են նոր նշաձողեր սահմանել եւ հաղթահարել դրանք»,—ընդգծեց Օթարյանը։ Նա նկատեց, որ երբ հիսուն տարվա պատմություն ունեցող թանգարանը 2012 թվականից հագեցած տեխնոլոգիաներով, կրթական հարուստ ծրագրերով, նոր եւ մշտական ցուցադրությամբ վերադարձավ մշակութային կյանք, սկսեց վայելել տարբեր տարիքի մարդկանց հետաքրքրությունը։ «Եթե մինչ այդ մեր հիմնական թիրախը դպրոցականներն էին, ապա այսօր մենք այստեղ տեսնում ենք նաեւ ընտանիքների, ավագ սերնդի ներկայացուցիչների»,—ասաց տնօրենը։ Անդրադառնալով մրցանակակիրների ընտրությանը՝ Օթարյանը մանրամասնեց, որ տուն—թանգարանի հանրահռչակման բաժինը ուշադրության կենտրոնում է պահում մասնավորապես տարվա ընթացքում աչքի ընկած ակտիվ աշակերտներին եւ դպրոցներին, իսկ ընտրությունը կատարվում է մեծ դժվարությամբ։ Համաձայն տուն—թանգարանի մշտադիտարկման արդյունքների՝ տարվա լավագույնները դարձան Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի, Արարատի Արմաշ համայնքի Մ. Օրմանյանի անվան միջնակարգ, Երեւանի Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցները եւ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը։
Արդյունավետ աշխատաոճ է ձեւավորվել նախակրթարանների՝ մասնավորապես «Բու» նախադպրոցական ակադեմիայի հետ։ Սաների այցելությունը, թանգարանի տնօրենի խոսքերով, աշխատակիցներին հուշել է մտածելու այնպիսի ծրագիր, որը հատուկ կլիներ հենց նախադպրոցական տարիքի երեխաների համար։ «Դրանից հետո բացվեց «ճանապարհը», եւ մենք ամբողջ ամառ ընդունեցինք Երեւանի գրեթե բոլոր նախակրթարաններին։ Նախկինում փոքրիկները շատ քիչ էին այցելում, պարզ է, թե ինչու։ Այդ տարիքի երեխային Սպենդիարյանի թանգարանը չպետք է հետաքրքրի, եթե այնտեղ չկան մտածված հնարքներ, որոնք կարող են երեխայի համար հետաքրքիր դարձնել այդ միջավայրը»,—ասաց Օթարյանը եւ Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությանը երեխաներին հաղորդակից դարձնելու համար «Բու» նախադպրոցական ակադեմիայի ներկայացուցիչ Լիանա Ասատրյանին հանձնեց խորհրդանշական արձանիկն ու պատվոգիրը։
Լավագույն աշակերտ անվանակարգում հաղթողը Ն. Զարյանի անվան թիվ 130 դպրոցի սան Վիգեն Եթումյանն էր։ Վերջինս տուն—թանգարան այցով ոգեւորված պատրաստել էր «Ալմաստ» օպերայի բեմադրության մանրակերտը։ Լավագույն ուսուցիչ համարվեցին Ստ. Զորյանի անվան թիվ 56 դպրոցի ուսուցչուհի Սաթիկ Մարգարյանը եւ Ա. Տեր—Ղեւոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի ուսուցչուհի Գայանե Խաչատրյանը։ Լավագույն դասախոս ճանաչվեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս Աննա Մինասյանը։ Տուն—թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Համբարյանը նույնպես արժանացավ մրցանակի։ Ա. Սպենդիարյանի կյանքի եւ ստեղծագործական ժառանգության, ինչպես նաեւ տուն—թանգարանի գործունեության հանրայնացման գործում մեծ նպաստ ունենալու համար մրցանակներ ստացան նաեւ «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագիրն ու Հանրային հեռուստաընկերության «Արվեստը եւ իրականությունը» հաղորդաշարը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

 

13-12-2018

hhpress.am
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20181213_4&flag=am

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner